Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն, որ 2015-ին իշխանության գալուց հետո միշտ լինում է Դավոսում, օգտագործել է հնարավորությունը` միջազգային տնտեսական համաժողովի հարթակից աջակցելու կանանց իրավունքների համար պայքարին` գրել է The Washington Post-ում Իշան Տարուրը: Համաժողովում ելույթ ունեցողների մեծամասնության նման` Թրյուդոն մատնանշել է արևմտյան հասարակություններում տիրող խոր անվստահությունը, որի մի կողմում համապարփակ տեխնոլոգիական փոփոխություններն են, մյուս կողմում` դժգոհությունն ու պոպուլիստների հիասթափությունը: «Անկարգությունների, որ մենք տեսնում ենք, պատճառը վախն է արագ փոփոխվող աշխարհի առաջ, ոչ ոք չգիտի` ինչ կլինի իր ու իր ընտանիքի հետ»` ասաց Թրյուդոն: «Մենք չենք կարող անտեսել մեր պատասխանատվությունը մարդկանց առաջ, որ Դավոսում չեն ու երբեք չեն լինի»` հայտարարեց Կանադայի վարչապետը: Համաժողովի գլխավոր թեմաներից է միգրացիան իր քաղաքական հետևանքներով: Հատուկ ակցիայի շրջանակներում մասնակիցները կարող էին 75 րոպեով միգրանտ դառնալ` ապրելով «մեկ օր միգրանտի կյանքում»:
Եթե Թրամփի պես ազգայնական նախագահները աջակցում են միֆական «մոռացված մարդուն»` ունեզուրկ, դժգոհ աշխատավորին, որ հուսահատ փորձում է վերադարձնել երկիրը, որ փոխել են` խլելով իրենից, համաժողովը փորձում էր այլընտրանք առաջարկել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուերը փորձում էր ուշադրությունը սևեռել իսկական «մոռացված մարդկանց» ու աշխարհի «մոռացված կոնֆլիկտների» վրա», մասնավորապես` Կոնգոյի: Նույնականացման ու միգրացիայի հարցերից բացի` համաժողովի մասնակիցները բազմիցս կրկնում էին Թրյուդոյի բարձրաձայնած անհանգստությունը աճող սոցիալական անհավասարությունից: Հատուկ ուշադրություն է դարձվում պրեկարիատին` հարյուր միլիոնավոր աշխատողներին ամբողջ աշխարհում, որոնց գոյության անկայուն աղբյուրները ռիսկի տակ են թվային տեխնոլոգիաների ու արտադրության ավտոմատացման հետևանքով: Պոպուլիստ ղեկավարները իրենց ընտրողներին խոստանում են հետ գլորել գլոբալացման անիվը: Գործարար համայնքի բարձր շրջանակներում աճում է տագնապը, որ ընտրողները առաջիկա ամիսներին ու տարիներին ավելի շատ կարող են ընտրել պոպուլիստներին, եթե հիասթափվեն ներկա ղեկավարներից: Պոպուլիզմը սպառնում է նրանց կարողություններին, վերահսկողության ու կանխատեսումների չի տրվում, կարող է հանգեցնել պատերազմի կամ, որ առավել հավանական է, պատնեշներ կառուցի մարդկանց, գաղափարների ու ապրանքների հոսքի սահմանին, որ օգնում է տրանսազգային ընկերություններին ռեկորդային շահույթներ ունենալ: «Բոլորը խոսում են փոխկապակցված աշխարհի մասին, բայց մենք պետք է ընդունենք փաստը, որ գլոբալացումն աստիճանաբար կորցնում է գրավչությունը,- նկատեց Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:- Խնդիրը ոչ թե մեկուսացման, այլ` փոփոխություններն ընկալելու ու ընդունելու մեջ է»:
Իշան ՏԱՐՈՒՐ, The Washington Post
Հ.Գ. Հետաքրքիր է` իսկ Նարենդրա Մոդին կամ այդ թեմայով ելույթ ունեցողները սոսկ արձանագրու՞մ են խնդիրը, թե՞ լուծումներ էլ են առաջարկում: Մարդու ստեղծած տեխնոլոգիան առաջ է անցել նրա կենսապահովման խնդրի լուծումից: Աշխատանքի պայմանների կատարելագործումը ուղղվել է մարդու աշխատանքի իրավունքի դեմ: Սա սկզբունքային խնդիր է, որ մեկ երկիր չի կարող ինքնուրույն լուծել: Աշխատանքի արդյունավետության բարձրացման ու շահույթի ավելացման մյուս կողմում գործազրկությունն է, հասարակության բևեռացումն ու անհավասարության խորացումը, իսկ դա սոցիալական բունտի ու քաղաքական պոպուլիստների դրախտն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ